Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Ռուսաց լեզվի միջազգային օրը

06.06.2012

Այսօր հայտնի ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան, ինչպես նաեւ Ռուսաց լեզվի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Ռուսական կենտրոնը հետաքրքիր ու գեղեցիկ մանկական միջոցառում էր կազմակերպել թե՛ կենտրոնի փոքրիկ սաների, թե՛ համալսարանականների 6-10 տարեկան երեխաների համար:

Միջոցառման մասնակից փոքրիկներին խնդրել էին հնարավորության դեպքում հաղորդակցվել ու ներկայանալ միայն ռուսերենով: Ինչպես նշեց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը, մանկական այս միջոցառման հիմնական նպատակը փոքրիկների շրջանում ռուսաց լեզվի հանդեպ սեր ու հետաքրքրություն սերմանելն է, ինչպես նաեւ ռուսերենով հաղորդակցվելը:

«Երեխաների շրջանում հենց փոքր տարիքից պետք է զանազան օտար լեզուների հանդեպ հետաքրքրություն մտցնել, այլապես երբ նրանք մեծանան, այլեւս չեն կարող բացի մայրենի լեզվից սիրել ու լավ սովորել նաեւ օտար լեզուները: Պատահական չէ, որ հենց այս տարիքի երեխաների ենք ընդգրկել մեր միջոցառման մասնակիցների շարքում: Այս փոքրիկների համար ամռանը նաեւ ռուսաց լեզվի դասընթացներ կանցկացվեն»,- հավելեց Ռուսական կենտրոնի տնօրենը:

Ըստ Արուսյակ Ներսեսյանի` ռուսաց լեզուն հարկավոր է փոքրիկներին մատուցել զանազան հետաքրքիր մանկական խաղերի, մուլտֆիլմերի ու հեքիաթների միջոցով, իսկ մեր դպրոցներում ավելի շատ ուսումնական պլան են կատարում, քան թե աշակերտներին ռուսերեն սովորեցնում: «Ինձ դուր է գալիս ռուսերենը, թեեւ դեռ վարժ չեմ կարողանում խոսել այդ լեզվով: Հուսով եմ` երբ մեծանամ, լավ ռուսերեն կիմանամ, ինչպես տիկին Արուսյակը»,- ասաց տոնական միջոցառման փոքրիկ մասնակից Գրիշան:

Հավելենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ` հունիսի 6-ը ճանաչվել է Ռուսաց լեզվի միջազգային օր, քանի որ հենց այդ օրն է ծնվել ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: