Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ

02.06.2011


ՄԱԿ-ի որոշմամբ` հունիսի 6-ը ընդունվել է որպես Ռուսերենի միջազգային օր:
Այդ կապակցությամբ մայիսի 30-ից ԵՊՀ ռուսական կենտրոնն անց է կացնում ռուսաց լեզվի ներհամալսարանական շաբաթ, որի շրջանակներում կազմակերպվում են ռուս դասականներին նվիրված գրական երեկոներ, նրանց ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություններ: Մայիսի 30-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում Կենսաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ռուս գրականության ոսկե շրջանի ակնառու դեմքերից մեկին` Պուշկինին նվիրված միջոցառում:

Ուսանողները մասնավորապես ներկայացրել էին ընկերության գաղափարի արծարծումը Պուշկինի պոեզիայում: Իսկ այսօր հերթական երեկոն նվիրված էր ոսկեդարյան շրջանի գաղափարների արտացոլմանը արծաթե դարաշրջանի ստեղծագործություններում, մասնավորապես այս շրջանի լավագույն ստեղծագործողներից Մարինա Ցվետաեւայի պոեզիայում: Միջոցառումը նախաձեռնել էր Ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնի դասախոս Սուսաննա Քոչարյանը, պատրաստել էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցությունների բաժնի առաջին կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ցվետաեւայի կյանքի կարեւոր դրվագներ, ընթերցվեցին նրա ստեղծագործություններից, հնչեցին բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը երգչուհիներ Ինա Ռազումիխինայի, Թամարա Միխայլովայի կատարումներով: Միջոցառման ավարտին Ռուսաց լեզվի (հումանիտար ֆակուլտետների համար) ամբիոնի վարիչ Սուսաննա Լալայանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին գեղեցիկ միջոցառման համար: Նա նշեց, որ չնայած Ցվետաեւայի պոեզիան ընկալելու տեսանկյունից փոքր-ինչ բարդ է, բայց ուրախ է, որ երիտասարդները փորձում են հասկանալ նրան, եւ որ բանաստեղծուհին այսուհետ ապրում է ուսանողների ներաշխարհում: Ռուսաց լեզվի շաբաթը կամփոփվի հունիսի 6-ին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում: