Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆԻ 115-ԱՄՅԱԿԸ

03.12.2010

Ռուս մեծանուն գրողի պոեզիան հարազատ է բոլոր ժամանակներում ու բոլոր սերունդներին, բայց այն իր անկեղծությամբ ու զգացմունքների առատությամբ դիպչում է հատկապես երիտասարդների սրտերին: Հենց նրանք էլ այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնում ներկայացրին «իրենց Եսենինին»: Պոետի 115-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառումը կազմակերպել էր ռուսաց լեզվի դասախոս Տատյանա Աֆանասեւան Կենսաբանության ֆակուլտետի երկրորդ եւ երրորդ կուրսերի մի խումբ ուսանողների հետ: 21 հոգուց բաղկացած այս խմբում հիմնականում այն երիտասարդներն են, ովքեր դժվարությամբ են հաղորդակցվում ռուսերենով: «Այս մեկ ամսվա ընթացքում ես հետեւել եմ նրանց փորձերին ու տեսել, թե ինչ տիտանական աշխատանք է կատարվել»,- նշեց ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:

 Եսենինյան այս միջոցառումն այսօր առաջին անգամ հանձնվեց հանդիսատեսի դատին, որոնց շարքերում էին նաեւ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանն ու Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Զյուրուկինը: Առաջիկայում այն կներկայացվի նաեւ ավելի մեծ լսարանում, որպեսզի Եսենինը հասանելի դառնա ամենքին: Թեեւ Սերգեյ Եսենինի ստեղծագործություններն ուսանողներին ծանոթ են դեռեւս դպրոցական տարիներից, բայց մասնակիցները նշում էին, որ շատ բանաստեղծություններ ու պոետի մասին կենսագրական տվյալներ իրենց համար բացահայտել են հենց այս միջոցառմանը պատրաստվելու ընթացքում:

 «Հետաքրքրական էր հատկապես հայուհի Շահանեի ու Եսենինի սիրո պատմությունը»,- նկատեց ուսանողուհիներից մեկը: Սերգեյ Եսենինը ծնվել է 1895 թ-ին Ռյազանի նահանգի Կոնստանտիվո գյուղում։ Գրել սկսել է 9 տարեկանից, բայց իբրեւ պոետ` իր առաջին քայլերի սկիզբը ինքը` պոետը, համարում է 16-17 տարեկան հասակը: 1912 թ-ին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913-ին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը: Նրա բանաստեղծություններն իրենց թարմությամբ եւ ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա: 1922-23 թթ. ամուսնանալով աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ` ճանապարհորդում է նրա հետ Եվրոպայում եւ Ամերիկայում: 1925 թ-ին Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցում ծանր ապրումների ճնշման տակ նա վերջ է տալիս իր բուռն ու խելահեղ կյանքին: