Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 1 ՏԱՐԵԿԱՆ Է

Ապրիլի 15-ին Երեւանի պետական համալսարանի մեծ դահլիճում «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող Ռուսական կենտրոնը նշեց իր հիմնադրման տարեդարձը:
Ռուսական կենտրոնը բացվել է «Ռուսկի միր» հիմնադրամի եւ ԵՊՀ-ի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա 2008 թ-ի փետրվարին: Պաշտոնապես կենտրոնը գործում է 2008 թ-ի ապրիլի 1-ից: Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում ռուսաց լեզվի եւ ռուսական մշակույթի տարածմանն ու զարգացմանը:

Արդեն մեկ տարին բոլորած կենտրոնի աշխատանքի արդյունքը գոհացնում է ե´ւ «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովին, ե´ւ կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանին: Կենտրոնը նախատեսված չէ միայն ուսանողների համար, եւ տնօրենը ուրախությամբ նշեց, որ այցելուների թվում շատ են նաեւ աշակերտները:

«Մեկ տարվա ընթացքում ԵՊՀ ռուսական կենտրոն այցելել են ավելի քան 700 աշակերտներ, ոչ միայն երեւանյան, այլեւ մարզային դպրոցներից», -նշեց Արուսյակ Ներսիսյանը: Հիմնադրամը դատարկաձեռն չէր եկել: Վյաչեսլավ Նիկոնովը տարեդարձի կապակցությամբ կենտրոնին հանձնեց թերեւս ամենասպասված նվերը` եւս 1000 անուն գիրք:

Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց, որ շուտով Ռուսական կենտրոնին կտրամադրվեն նաեւ կրթաթոշակներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանի ուսանողներին ուսումը շարունակելու Ռուսաստանի Դաշնությունում: «Անցած մեկ տարվա ընթացքում «Ռուսկի միր» հիմնադրամն աշխարհում բացել է եւս 20 կենտրոն, սակայն Հայաստանում գործող կենտրոնն առաջինն է եւ մեր ամենասիրելին»,- նշեց Վյաչեսլավ Նիկոնովը: Միջոցառումը կազմակերպել էր Ռուսական կենտրոնը ԵՊՀ մշակույթի կենտրոնի եւ Ռուս բանասիրության ֆակուլտետի հետ համատեղ:

Պաշտոնական հյուրերի թվում էին նաեւ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթության կենտրոնի փոխտնօրեն Վ.Ա. Ստեպանենկոն, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր Ն. Բոնդարչուկը,Հայաստանում Ռուսաստանի եւ Բելոռուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք: Միջոցառման վերջում ամփոփվեցին 2008 թվականի նոյեմբերին մեկնարկած ռուսաց լեզվի օլիմպիադայի արդյունքները: Մրցույթի 3-րդ եւ ամփոփիչ փուլի արդյունքում որոշվել էին մեկ առաջին, երկու երկրորդ, երեք երրորդ տեղերի մրցանակակիրները: Եվս 15 ուսանողներ ստացան պատվոգրեր: