Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ԱՄՅԱԿԸ

11.05.2010

Այս միջոցառումով ամփոփվեց ԵՊՀ ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ դեռ ապրիլի 15-ից սկսված Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառման ընթացքում, որին ներկա էին ՀՀ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպաններ Վյաչեսլավ Կովալենկոն եւ Ստեպան Սուխարենկոն, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններ, ԵՊՀ ուսանողներ և դասախոսներ, ԵՊՀ ուսանողները եւ Մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեցին պատերազմական տարիներին նվիրված ստեղծագործություններ:

Մինչ միջոցառման բուն արարողակարգը ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ-ի ջանքերով ֆակուլտետի ուսանողները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դրոշներով, փուչիկներով եւ երգերով տոնական տրամադրություն էին ստեղծում Մայր բուհում: Միջոցառման հյուր, ՀՀ Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հատկապես կարեւորեց այն, որ նման միջոցառում տեղի է ունենում Հայաստանի առաջատար բուհում` ԵՊՀ-ում: Ըստ նրա` ուրախալի է, որ այս միջոցառմանը մասնակցում են երիտասարդները, ովքեր, բարեբախտաբար չեն զգացել այս պատերազմի սարսափները: «Կարեւոր է, որ երիտասարդները իմանան` որոնք են պատերազմի հիմնական պատճառները, եւ որ պատմությունը ներկայացվի ճշմարտացիորեն:

Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր մեր կյանքը, եթե պատերազմն այլ ավարտ ունենար, բայց ես մեկ բան եմ շատ ուզում, որ պատերազմի մասին պատմությունները չհորինվեն, այլ ամեն ինչ իմացվի նրանցից, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել այդ պատերազմում»,-ասաց Վյաչեսլավ Կովալենկոն:

 

Միջոցառման կազմակերպիչ, ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` այս միջոցառման գլխավոր նպատակը հնարավորինս մեծ շուքով նշել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, քանի որ այն տարիների ընթացքում երկրորդ պլան է մղվել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին մաղթելով առողջություն ու երկար տարիների կյանք, ասաց. «Հաղթական տոները երեւի թե ամենից սիրվածներն են, եւ ամբողջ մայիս ամիսը դրանով ավելի է գեղեցկանում:

Սա տոն է, որ մտել է յուրաքանչյուր հայի տուն եւ Սովետական Միության բոլոր ազգերի գիտակցության մեջ: Ես կոչ եմ անում մեր երիտասարդներին երբեք չմոռանալ, որ 65 տարի առաջ մեր ազգը վերածնվեց, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին ոչ միայն մեր ազատությունն ու անկախությունը, այլեւ մեր քաղաքակրթությունը»:

87-ամյա Գրեգորի Բաղրամյանը, որ պատերազմի տարիներին եղել է Հյուսիսկովկասյան ռազմաճակատում, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղից է: Ինչպես ինքն է հիշում, սովորելիս է եղել Բաքվի ռազմական ուսումնարանում, երբ զորակոչվել է պատերազմ: «Ընդամենը 20 օր էր, ինչ զինվորական համազգեստ էինք հագնում, երբ մեկնեցինք ռազմաճակատ: Հիշում եմ` օրհասական պահեր էր, բայց մենք մեզ հավաքեցինք եւ «За Сталина, за родину» ասելով` հարձակվեցինք:

Մենք միայն սեւ չոր հաց ունեինք ուտելու, եւ երբ գերմանացիները փախել էին իրենց դարաններից, մենք նրանց մոտ սպիտակ հաց եւ կաթ գտանք, բայց չհամարձակվեցինք դիպչել»,-պատմեց Գրեգորի Բաղրամյանը: Ղարաչինար գյուղի բնակիչը պաշտոնապես չի մասնակցել Արցախյան ազատամարտին, սակայն հարկադրված է եղել պաշտպանել իր տունն ու հողը: Եվ ինչպես ինքն է ասում`Հայրենական պատերազմի համար ստացած բոլոր մեդալները ու պատվոգրերը, որ շատ թանկ էին իր համար, թողել է այնտեղ` Ղարաչինարի իր տանը: