Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԱՐՏԱԳՆԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱԿՑԻԱԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

06.05.2010

ԵՊՀ ռուսական կենտրոնի եւ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ եւ ՈՒԳԸ նախագահների նախաձեռնությամբ ապրիլի 15-ից սկիզբ առած «Великая отечественная война- память сердца» խորագրով ակցիայի շրջանակում Մայր բուհի ուսանողները այցելում են հանրապետության հանրակրթական դպրոցներ:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները այցելել են 13 դպրոց, ինչպես նաեւ Գավառի պետական համալսարան: Ուսանողները աշակերտների հետ հանդիպման ժամանակ պատմում են Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի մասին, ներկայացնում մանրամասներ պատերազմին մասնակցած հերոսների մասին:

Նաեւ կազմակերպում են Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող ֆիլմեր, եւ այդ ամենը կատարվում է բացառապես ռուսերեն լեզվով: ՈՒԳԸ նախագահ Գոհար Մկրտչյանը, ով չափազանց տպավորված էր Մեծ Մանթաշի եւ Արթիկի աշակերտների հետ հանդիպումից, ասաց, որ աշակերտները բավականին պատրաստված են եւ՛ ռուսերենի իմացությամբ, եւ՛ Հայրենական մեծ պատերազմի մասին ինֆորմացիայով: «Մեզ համար շատ կարեւոր է, որ աշակերտները իմանան, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակը միայն ռուսներինը չէ, այսինքն` տոնը ռուսական չէ, այն նաեւ հայկական է, քանի որ այդ պատերազմին նաեւ հայեր են մասնակցել:

 

Բացի դրանից, կարեւոր է, որ աշակերտները տարբերեն, թե երբ են սկսվել Համաշխարհային երկրորդ եւ Հայրենական մեծ պատերազմները »,-ասաց Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոհար Մկրտչյանը: Արթիկի թիվ 4 միջնակարգ դպրոցում աշակերտների համար ցուցադրվել է Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» ֆիլմը, իսկ Մեծ Մանթաշում ուսանողները աշակերտների հետ միասին դիտեցին պատերազմի մասին պատմող «Александр Маленький» վերնագրով ֆիլմը, որից հետո ռուսերենով քննարկում տեղի ունեցավ: Ֆիլմը պատմում էր այն երեխաների ու երիտասարդների մասին, ովքեր տեսել են այդ պատերազմը, իսկ ֆիլմի հերոս Ալեքսանդրը (ում անունով էլ անվանված է ֆիլմը) ամենափոքրն է, ով չի տեսել պատերազմը, եւ ում գիտակցության մեջ պատերազմը հասկացությունը դաջված չէ:

30 հոգանոց ուսանողների խումբը ծրագրի շրջանակում այցելեց նաեւ Արթիկի եւ Մեծ Մանթաշի Հայրենական մեծ պատերազմը եւ Արցախյան հերոսամարտը հավերժացնող հուշարձաններ: Իսկ իրենց հետ տարած Գեորգիեւյան ժապավենները ԵՊՀ ուսանողները նվիրեցին հանդիպմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած աշակերտներին:

«Կարծում եմ, որ այցերը հատկապես մարզերի դպրոցներ առավել կարեւոր են, քանի որ նրանք իսկապես դրա կարիքն ունեն: Ամեն ինչ շատ կազմակերպված է, շատ հաճելի է, իսկապես մեզ սպասում են: Եվ մենք որոշեցինք, որ շարունակաբար լինելու են նմանատիպ հանդիպումները: Նմանօրինակ այցերը, մասնավորապես այսպիսի թեմաներով, իսկապես բարձրացնում են աշակերտների ռազմահայրենասիրական ոգին»,-նշեց ՈՒԽ նախագահ Արմինե Հաջաթյանը:

Այս ակցիան, ինչպես վստահեցրեց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը, նախատեսվում էր ավարտել մայիսի 11-ին, սակայն կենտրոնի կողմից որոշվել է շարունակել այցերը, քանի որ արձագանքները շատ բուռն են եւ մի շարք հրավերներ ունեն այլ դպրոցներից: