Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

07.02.2008
«Ռուսական աշխարհ» հիմնադրամի ջանքերով եւ ԵՊՀ օժանդակությամբ Մայր բուհում բացվեց «Ռուսական կենտրոն»: Այն նախատեսված է ոչ միայն ուսանողների, այլեւ բոլոր հետաքրքրվողների համար: Ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր գրքերին ու հանդեսներին, որոնք տնօրինում է կենտրոնը, բացի այդ, նրանք կարող են անվճար օգտվել ռուսական ԶԼՄ-ների էլեկտրոնային բազաներից, բառարաններից ու տեղեկատուներից: Նման կենտրոն առաջին անգամ է բացվում հետխորհրդային տարածքում: «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը վստահեցրեց, որ դա պատահական չէ. «Հայաստանն ու Ռուսաստանը կապված են մշակութային ամուր կապերով, մեր պատմությունն ընդհանուր է, մեր միջեւ երբեք «սեւ կատու չի անցել»: Հայաստանում երբեք հակառուսական տրամադրություններ չեն եղել: Բացի այդ, բազմաթիվ դասական աշխատություններ ռուսաց լեզվի ուսումնասիրության ոլորտում գրել են հենց հայ հեղինակները, ովքեր, պարզվում է, շատ ավելի լավ են զգում ռուսերենը, քան հենց ռուս լեզվաբանները»: Ըստ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` «Ռուսական կենտրոնի» բացումը հերթական ռեսուրս կենտրոնի բացում չէ միայն: «Կենտրոնի համակարգիչները սերվերի միջոցով միացված են ռուսական առաջնակարգ գրադարանների էլեկտրոնային համակարգերին: Նախատեսված է նաեւ ռուսական պարբերական մամուլի բաժանորդագրություն, հատկապես գիտական հրատարակությունների»,- ասաց պարոն Սիմոնյանը: Բայց ամենակարեւորն այն է, որ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսները, ովքեր 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստվում էին Ռուսաստանում, հնարավորություն կունենան այդ դասընթացներն անցնել հենց Մայր բուհում: «Ռուսական աշխարհ» հիմնադրամը կֆինանսավորի ռուս մասնագետների գործուղումը Հայաստան: Ծրագիրը կսկսի գործել այս տարվա սեպտեմբերից: Ի դեպ, այդ դասընթացներին կարող են մասնակցել հայաստանյան այլ բուհերի մասնագետներ եւս: Կենտրոնի գրականությունը ձեռք է բերվել հիմնադրամի միջոցներով: Ընդգրկված են ոչ միայն ռուսերենի ուսուցման եւ ռուս գրականության նորագույն նմուշներ, այլեւ` մասնագիտական գրքեր: Դրանք պարբերաբար համալրվելու են նորերով: Ըստ նախնական պայմանավորվածության` ընթերցողները կարող են ծանոթանալ օտարալեզու մասնագիտական գրականության ռուսերեն թարգմանություններին: Բացման արարողությունից հետո ԵՊՀ-ի եւ «Ռուսական աշխարհ» հիմնադրամի միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ` ԵՊՀ Ոսկե մեդալ շնորհվեց Վյաչեսլավ Նիկոնովին: «Ինքս համալսարանական մարդ եմ, ու ակադեմիական բոլոր շնորհներն ինձ համար մեծ նշանակություն ունեն»,- շնորհակալություն հայտնեց պարոն Նիկոնովը: Նա նաեւ «Ռուսաստանն այսօր» թեմայով դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների ու դասախոսների համար: