ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱԿՑԻԱԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
21.04.2010
ԵՊՀ ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ Ռուս բանասիրության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացնում են պատմական դրվագներ Հայրենական մեծ պատերազմի մասին: Ակցիայի շրջանակներում Երեւանի հանրակրթական դպրոցների աշակերտներն այցելում են ԵՊՀ ռուսական կենտրոն, իսկ մարզերի դպրոցների աշակերտներին հյուրընկալվում են Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն ասում է, որ ուսանողներին նախապես տրամադրել են դասախոսություններ ու ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին: Ուսանողները` սահմանված գրաֆիկի համաձայն, ամեն օր այցելում են որեւէ մարզային դպրոց կամ գրադարան, աշակերտների համար դասախոսություններ կարդում, իսկ ֆիլմեր դիտելուց հետո կազմակերպում են քննարկումներ:
Վերջում աշակերտներին տրվում են խորհրդանշական «Գեորգիեւյան ժապավեններ»` ի հիշատակ այս ակցիայի: Ցուցադրվող ֆիլմերի ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով աշակերտների տարիքային խումբը: «Այս ակցիայի նպատակը ոչ միայն տեղեկատվության տրամադրումն է, այլեւ մատուցվող նյութի վերաբերյալ ռուսերեն լեզվով քննարկում ծավալելը»,- ասում է Արուսյակ Ներսեսյանը: Տարբեր տարիներին Սովետական Միության 15 հանրապետություններում նկարահանված ֆիլմերն ամբողջացվել են մեկ ընդհանուր խորագրով`«Մեծ հայրենական պատերազմի 65-ամյակ»:
ԵՊՀ ռուսական կենտրոնի ֆոնդի ֆիլմերն ունեն ռազմահայրենասիրական դաստիարակչական նշանակություն, եւ դա առավել նշանակալից է դառնում, երբ այն աշակերտներին ներկայացնում են իրենց ավագ ընկերները: Ակցիան ամփոփվելու է մայիսի 10-ին ԵՊՀ մեծ դահլիճում` տոնական միջոցառմամբ: