Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԱԿՑԻԱ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

04.05.2010

Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ Մայր բուհի մի խումբ ուսանողներ այցելեցին Գավառի պետական համալսարան: Այս ակցիայի շրջանակներում համալսարանականներն առաջին անգամ են բուհ այցելում, որը նպատակ ունի ԳՊՀ ուսանողներին եւս ներառել Գեղարքունիքի մարզի դպրոցներում Մեծ հայրենական պատերազմին վերաբերող մանրամասներ ներկայացնելու գործում:

ԵՊՀ ուսանողներն իրենց ընկերներին ներկայացրին հատվածներ Մեծ հայրենական պատերազմին վերաբերող ստեղծագործություններից: Այնուհետեւ ցուցադրվեց «Ալեքսանդր կրտսեր» ֆիլմը, որտեղ ներկայացվում են Մեծ հայրենական պատերազմից հետո որբ մնացած երեխաների ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները: Ռուս եւ գերմանացի երեխաների փոխհարաբերությունը եւս մեկ անգամ ընդգծում է համամարդկային արժեքների ու մարդկային փոխհարաբերությունների կարեւորությունը:

ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն ասում է, որ ֆիլմերի դիտումներն ու քննարկումները երիտասարդներին հնարավորություն են տալիս կատարելագործելու ռուսերենի իմացությունը, ինչպես նաեւ դրանք ունեն ռազմահայրենասիրական դաստիարակչական նշանակություն: «Մեզ համար կարեւոր է համագործակցությունը նաեւ մարզային կրթօջախների հետ, ուրախալի է, որ Գավառի պետական համալսարանում կա ռուսաց լեզվի բաժին, եւ քննարկումներ ծավալելն ավելի հեշտ է դառնում»,- փաստում է կենտրոնի տնօրենը:

Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի եւ ուսանողական գիտական ընկերության նախագահները ԳՊՀ ուսանողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին ապագայում համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: ԵՊՀ ուսանողները Գավառի պետական համալսարանի դասախոսներին ու ուսանողներին հանձնեցին խորհրդանշական «Գեորգիեւյան ժապավեններ»` ի հիշատակ այս ակցիայի: Ռուսական կենտրոնը ԳՊՀ գրադարանին նվիրեց ԱՊՀ երկրների մշակույթին ու ավանդույթներին վերաբերող գրքի 15 հատորներից ութը, իսկ մնացած հատորները կնվիրի տպագրվելուց հետո: ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն ասաց, որ Մեծ հայրենական պատերազմին վերաբերող ֆիլմերի դիտումներ եւ քննարկումներ առաջիկայում կկազմակերպվեն բուհի մյուս ֆակուլտետներում եւս: