«Լոմոնոսովի ներդրումը ֆիզիկայի եւ քիմիայի զարգացման գործում»
29.11.2011
ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր կայացավ «Լոմոնոսովի ներդրումը ֆիզիկայի եւ քիմիայի զարգացման գործում» (“Вклад Ломоносова в развитии физики и химии”) խորագրով կլոր սեղան-քննարկումը, որը նվիրված էր ռուս մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի ծննդյան 300-ամյակին: Միջոցառման մասնակիցները ԵՊՀ ֆիզիկայի եւ քիմիայի ֆակուլտետների ուսանողներն էին (մոտ 35 հոգի): «Նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը մեր կենտրոնում անցկացվում են Լոմոնոսովյան օրեր, իսկ այս կլոր սեղան-քննարկումն էլ հենց այդ օրերի շրջանակում է: Սա 3-րդ նմանօրինակ միջոցառումն է, իսկ մինչ այդ նաեւ ունեցել ենք ցուցահանդես` նվիրված մեծ գիտնականի ծննդյանի 300-ամյա տարեդարձին»,- նշեց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը` հավելելով, որ իրենց նպատակն է համալսարանի ուսանողներին ծանոթացնել մեծ գիտնականի կյանքին, գիտական նվաճումներին, ներկայացնել նրա անգնահատելի դերը Մոսկվայի պետական համալսարանի ստեղծման գործում:
«Լոմոնոսովի ներդրումը ֆիզիկայի եւ քիմիայի զարգացման գործում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում ցուցադրվեց «Լոմոնոսովի աստղը» բազմամասանոց վավերագրական ֆիլմից մի հատված, ապա ուսանողները ներկայացրին իրենց զեկույցները, որոնք նվիրված էին Լոմոնոսովի կյանքին ու գիտական հաջողություններին (հատկապես քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտում): Զեկույցների ներկայացումից հետո ուսանողների միջեւ ծավալվեց հետաքրքիր քննարկում: