Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ”ՌՈՒՍԵՐԵՆԸ` ՈՉ ՄԱՅՐԵՆԻ՞, ԹԵ՞ ՕՏԱՐ”

Բրոքեր, դիլլեր, մենեջեր, սփիքեր, դիսկ ժոքեյ, շոու-բիզնես, պրիմադոննա, կարմա, չաքրա, փիրսինգ, պոպ-կորն, ջակուզի…
Սրանք մեր հասարակության մեջ գործածվող հազարավոր նորաբանությունների մի փոքր մասն են միայն: Եվ այդ փոխառությունները հիմնականում անգլերեն լեզվի ամերիկյան տարբերակից են: Օտարամուտ բառերի դեմ պայքարելու խնդիր ունի ոչ միայն հայոց լեզուն, այլեւ ռուսերենը, որից էլ հեշտությամբ տարբեր լրատվամիջոցների եւ տեղեկատավական տեխնոլոգիաների միջոցով փոխառությունները փոխանցվում են մեզ:

Ռուսերենի` որպես ոչ մայրենիի եւ օտար լեզվի ուսուցման հիմնախնդիրներին էր նվիրված ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների վերապատրաստման դասընթացը: Բանախոսներն էին Մոսկվայի պետական համալսարանի միջազգային կրթական կենտրոնի մասնագետներ Վերա Ստեպանենկոն (մանկավարժ. գիտ. դոկտոր), Մայա Նախաբինան (մանկ. գիտ. թեկնածու), Իրինա Կուռլովան (մանկ. գիտ. թեկնածու): Բանախոսներն այս հանդիպումն անվանեցին փորձի փոխանակում, ոչ թե ուսուցում:

«Նմանատիպ սեմինարներ արդեն անցկացրել ենք Ղրղզստանում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում: Քանի որ պատմական զարգացումներն ԱՊՀ երկրներում գրեթե միանման են եղել, ռուսերենի վիճակը գրեթե նույնն է ամենուր` մի տեղ ավելի լավ, մի տեղ` ավելի վատ: Բայց ամեն ինչ այնքան էլ անմխիթար չէ»,- ասաց տիկին Ստեպանենկոն: Ռուսերենի իմացությունն ամրապնդելու եւ ուսուցման մեթոդների կատարելագործման նպատակով Ռուսաստանում բազմաթիվ նախագծեր են իրականացվում:

Բանախոսները մասնավորապես ներկայացրին «Վիդեոնյութերի եւ մուլտիմեդիայի կիրառությունը ռուսերենի` որպես օտար եւ ոչ մայրենի լեզվի ուսուցման գործում» թեմայով դասախոսությունը, որի ընթացքում ցուցադրվեց «Ռուսերեն խոսելու ժամանակը» թեմայով ուսումնական դասընթացը: Իրինա Կուռլովան տեղեկացրեց, որ այն անվճար սկզբունքով տեղադրված է Մոսկվայի պետական համալսարանի եւ«Ռուսկի միր» հիմնադրամի կայքերում: Ի դեպ, հենց վերջինս է ֆինանսավորել այս ծրագրի իրականացումը: Արդեն պատրաստ է 5 տեսանյութ, հաջորդ հինգն էլ պատրաստման փուլում են:

Ռուսերենի տարածմանը եւ ուսումնասիրությանը միտված ծրագրերի շարքում ՄՊՀ-ից ժամանած մասնագետներն առաջարկեցին համատեղ մշակմամբ դասագրքերի եւ ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակություն իրականացնել: ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը բուհում ռուսերենի ուսուցման հիմնական խնդիր է համարում դասավանդման ինտենսիվացումը դասաժամերի սղության պայմաններում: Նա տեղեկացրեց, որ «Ռուսկի միր» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. «Հետագայում նման սեմինարները կիրականացվեն 10-15-օրյա դասընթացների տեսքով, որոնց ընթացքում ոչ միայն դասախոսություններ կլինեն, այլեւ «մաստեր-կլասներ» եւ գործնական մաս»: