Ռուսաց լեզվի ամառային երկշաբաթյա դասընթացներ
25.06.2012
Այսօրվանից մեկնարկել են փոքրիկ դպրոցականների համար նախատեսված ռուսաց լեզվի ամառային երկշաբաթյա դասընթացներ, որոնց հիմնական նպատակը ռուսաց լեզվի տարածումն է հայ մանուկների շրջանում:
Արդեն 4-րդ տարին է, ինչ Ռուսական կենտրոնի աշխատակիցների ջանքերով անցկացվում են նմանօրինակ ամառային դասընթացներ, որոնց մասնակցում են 6-10 տարեկան ավելի քան 20-25 երեխաներ:
«Երկու շաբաթ` ամեն օր, այս փոքրիկները համակարգչային խաղային ծրագրերով կստանան ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ: Ամառային այս դասընթացներին մասնակցելու են երկու խմբեր. մի խմբում տարիքով ավելի փոքրերն են ընդգրկված, իսկ մյուսում` ավելի ավագները, որոնցից մի քանիսը դեռեւս անցած տարի մասնակցել են մեր դասընթացներին»,- ասաց Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Ըստ նրա` յուրաքանչյուր երեխա ամառային այս դասընթացների ընթացքում կմասնակցի 10-12 պարապմունքի, ինչը լիովին բավարար է ռուսաց լեզվի տարրական գիտելիքները յուրացնելու եւ դպրոցական 1-ին դասարանի ծրագիրը կրկնելու համար:
«Փորձում ենք այնպես անել, որ մեր դասընթացներին նոր դպրոցականներ ներգրավվեն, որպեսզի վերջիններիս հետ էլ ծանոթանանք ու հնարավորություն ունենանք ռուսաց լեզու ուսուցանելու:Փոքրերի խմբում բոլորն էլ նորեկներ են: Բացի դասերից` մենք նրանց համար նաեւ հետաքրքիր բառախաղեր ենք կազմակերպում: Եվ այս ամենը միայն ռուսերենով, որպեսզի դպրոցականները կարողանան այդ լեզվով հանգիստ շփվեն միմյանց հետ»,- հավելեց Ռուսական կենտրոնի ղեկավարը` նշելով, որ իրենց մեծ օժանդակություն են ցույց տալիս ԵՊՀ չորս կամավոր ուսանողներ, ովքեր սիրում են հաղորդակցվել ռուսաց լեզվով:
Ռուսաց լեզվի ամառային դասընթացների 6-ամյա մասնակից Բորիսը, ով իրեն Բորիկ է անվանում, ասաց, որ շատ է սիրում ռուսերենով խոսել, թեեւ գիտի նաեւ անգլերեն. «Քոլեջում ինձ սովորեցրել են թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն: Ես ավելի շատ սիրում եմ անգլերենը, բայց ռուսերենն էլ եմ սիրում: Իհարկե, ամենից լավ հայերեն գիտեմ»: