«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները ռուսական կենտրոնում
04.07.2013
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալվել էին ԵՊՀ ռուսական կենտրոնում:
Խոսքը մասնավորապես Երկաթգծային տրանսպորտի՝ երիտասարդների հետ տարվող աշխատանքի խորհրդի մասին է: Խորհրդում ներկայացված են ԱՊՀ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները, սակայն ԵՊՀ-ում հուլիսի 3-ին հյուրընկալվել էին միայն Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:
«Ես հանդիպել եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ, և պարզեցինք, որ ունենք խնդիր: Երիտասարդները բողոքում են, որ աշխատանք չկա, բայց ընկերությունն ունի տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտների կարիք, որոնք, սակայն, նույնիսկ եթե լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը, ռուսերենի գիտելիքներ չունեն: Այնինչ նշված երկրների երիտասարդներն իրար հետ պետք է շփվեն ռուսերենով»,- ասում է Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Իրավիճակը փոխելու համար այժմ խորհուրդը փնտրում է լուծման տարբերակներ: Իմանալով, որ Հայաստանում գործում է այսպիսի կենտրոն, որոշել են գալ, տեղում ծանոթանալ կառուցվածքին, գործունեությանը, արված աշխատանքին, որպեսզի կարողանան այդ փորձը կիրառել նաև ԱՊՀ մյուս երկրներում:
Նշենք, որ մինչ այժմ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը աշխատել է միայն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի հետ:
Հյուրընկալված խորհրդի անդամների հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ովքեր ակտիվորեն մասնակցում են կենտրոնի միջոցառումներին:
Կենտրոնի գործունեությունը տեսանյութով հյուրերին ներկայացնելուց հետո սկսվեց հարց ու պատասխանը: