ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ, ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՆԱՏԱԼՅԱ ԲՈՆԴԱՐՉՈՒԿԻ ՀԵՏ
16.04.2009
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր եւ սցենարիստ Նատալյա Բոնդարչուկն այսօր Երեւանի պետական համալսարանի արվեստասեր ուսանողների եւ դասախոսների հյուրն էր: Հյուրընկալվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնում` խոսելու կինոյից, իր անցած ուղուց, հետագա անելիքներից եւ իր հռչակավոր ընտանիքից:
Ծնվել է 1950 թվականին Մոսկվայում` ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի եւ դերասանուհի Իննա Մակարովայի ընտանիքում: «Երբ դեռ մանուկ էի, իմ մասին ասում էին, թե ծնվել եմ` կինոժապավենի մեջ փաթաթված»,- կատակում է տիկին Բոնդարչուկը` հավելելով, որ եղբայրը` Ֆյոդոր Բոնդարչուկը, քաջ հայտնի է հանդիսատեսին: 1971 թվականին Նատալյա Բոնդարչուկն ավարտել է ВГИК-ի դերասանական ֆակուլտետը (Ս. Գերասիմովի եւ Տ. Մակարովայի արվեստանոց), 1975-ին` նույն ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Կինոյում Բոնդարչուկի դեբյուտը 1970 թվականին էր «Լճի մոտ» ֆիլմում, հետո «Զինվորը եկավ ռազմաճակատից», «Դու եւ ես» կինոժապավեններում:
Դերասանուհու դրամատիկ շնորհքն առավել ակնհայտ դարձավ Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» փիլիսոփայական-ֆանտաստիկ ֆիլմում (1972 թ.): Այս ֆիլմի հաջողությունից հետո Նատալյա Բոնդարչուկը ամսական մոտ 40 ֆիլմում նկարահանվելու հրավեր էր ստանում: Բայց դերասանուհին չէր շտապում ընդունել դրանք` մանրակրկիտ ընտրելով դերերը: Ռեժիսորի եւ սցենարիստի դերում Նատալյա Բոնդարչուկի դեբյուտը կայացավ 1975 թվականին:
Սակայն նա առավել հայտնի դարձավ 1980-ականներին, երբ իր իսկ գրած սցենարներով նկարահանեց «Բեմբիի մանկությունը» եւ «Բեմբիի պատանեկությունը» ֆիլմերը: Հենց առաջին ամիսներին այս ֆիլմերը դիտեցին 9 միլիոն մանուկներ: Երեխաներն այնքան հավանեցին կինոնկարը, որ խմբվեցին Նատալյա Բոնդարչուկի շուրջ, եւ այդպես ծնվեց «Բեմբի» մանկական թատրոնը` Բոնդարչուկի ղեկավարությամբ: Ռեժիսորի հետ հանդիպումից հետո համալսարանական հանդիսատեսի դատին հանձնվեց «Պուշկին. վերջին մենամարտը» գեղարվեստական կինոնկարը, որ Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ:
Մինչ ֆիլմի ցուցադրությանն անցնելը տիկին Բոնդարչուկը պատմեց վերջին տարիների իր գործունեության մասին: Ռուս գրականության ոսկեդարի ներկայացումն այսօր նրա գերնպատակն է, իսկ դարաշրջանը ներկայացնող ֆիլմերը կազմելու են եռագրություն` Պուշկին, Լերմոնտով եւ Գոգոլ: «Միայն Պուշկինի կյանքն ուսումնասիրելու, նրա մասին ինչ-որ մանրամասներ իմանալու, նրա ամբողջ արխիվին ծանոթանալու համար ես 2000 գիրք եմ կարդացել: Եվ մի պահ ինձ նույնիսկ թվում էր` ապրում եմ 19-րդ դարում»,- մի առիթով ասել է տիկին Բոնդարչուկը, ով էլ հենց հեղինակել է ֆիլմի սցենարը:
Այժմ ընթացքի մեջ է Նիկոլայ Գոգոլի մասին պատմող «Գոգոլ: Մերձական» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը: «Այս ֆիլմն իմ տանջանքն է. այն շատ դանդաղ է առաջ գնում, մեծ ընդմիջումներով, տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացնում դժվարությունները: Բայց ես հույս ունեմ, որ այս տարվա ավարտին այն էկրան կբարձրանա»,- ասաց Նատալյա Բոնդարչուկը: Ի դեպ, նա Հայաստան է ժամանել «Ռուսկի միր» հիմնադրամի պատվիրակության կազմում, որը մեծապես աջակցում է Գոգոլի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը: