ԿԼՈՐ ՍԵՂԱՆ “ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ
25.03.2010
Այս տեղեկատվությունը մեկն էր այն բազմաթիվ հետաքրքիր փաստերից, որոնք այսօր ներկայացվեցին ԵՊՀ ռուսական կենտրոնում: Մարտի 22-ից ԵՊՀ ռուսական կենտրոնում ռուսերենի տոն է: Ռուս պատմությունը, մշակույթը, գիտությունն ու արվեստը եւ էլի շատ ոլորտներ ներկայացնում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողները: Միջոցառմանը մասնակցելու նախապայմանը մեկն է` պետք է խոսել ռուսերեն: «Ժամանակն է խոսել ռուսերեն» խորագրով միջոցառման ձեւաչափը ենթադրում է կլոր սեղան-քննարկումներ, որոնք ամեն անգամ նվիրված են տարբեր ոլորտների: Այսօր զրույց-քննարկման թեման ռուսական տոներն էին, խորհրդանիշերը, ավանդություններն ու ավանդույթները: «Ներկայացվող թեմաները մասնակիցներս ընտրել ենք` նախ եւ առաջ նախասիրությունից ելնելով, ուստի պատրաստման ընթացքը ոչ միայն օգտակար, այլեւ խիստ հաճելի էր: Միջոցառումը մեր ունեցած տեսական գիտելիքները խորացնելու եւ դրանք բոլորովին նոր ձեւով դրսեւորելու հնարավորություն է տվել, որովհետեւ այստեղ տեղեկատվությունը մեր հասակակիցներին փոխանցում ենք ոչ թե «դաս պատմելու» ոճով, այլ իլյուստրատիվ ձեւով` օգտագործելով նաեւ ձեռքի տակ ունեցած նյութերը»,- ասում է ԵՊՀ ռուս բանասիրության ՈՒԳԸ նախագահ Գոհար Մկրտչյանը: Ամբողջ տեղեկատվությունը միջոցառումը լուսաբանող նյութի միջոցով անհնար է փոխանցել, բայց որոշ հետաքրքիր փաստերի կարելի է 1-2 պարբերություն «նվիրել»: Մասնակիցներից Զարինե Ավանյանը ներկայացնում էր ռուս ժողովրդի խորհրդանիշերը: Պարզվում է` Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի խորհրդանիշ «մատրյոշկան» ստեղծվել է 1799 թվականին «Երեխաների դաստիարակություն» կոչվող արհեստանոցում Վասիլի Զվյոզդոչկինի կողմից: Խառատը հերթական նոր խաղալիքի համար որպես նախատիպ օգտագործել է ճապոնական իմաստուն Ֆուկուռումուի արձանիկը, որի մեջ մի քանի այլ արձանիկներ եւս կային: Առաջին «մատրյոշկան» նկարազարդել է այդ ժամանակաշրջանի ամենահայտնի նկարիչներից մեկը` Պյոտր Մալյուտինը: Այսօր առավել տարածված են 5 եւ 3 հատանոց «մատրյոշկաները», սակայն հայտնի խաղալիքի ռուսական նախատիպը կազմված է եղել 8 արձանիկներից: Առավելապես իգական սեռի տեսքով հանդիպող խաղալիքը ունի նաեւ արական սեռի տարբերակ: Հաճելի զուգադիպությամբ այսօր համալսարանականների հետ հանդիպելու էին եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը եւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: ԵՊՀ հյուրերը ուսանողների հետ հանդիպումից առաջ այցելեցին ԵՊՀ ռուսական կենտրոն: Հյուրերը ծանոթացան կենտրոնին ու մասնակցեցին կլոր սեղան- քննարկմանը: Ռուսական կենտրոնի միջոցառումների շարքը կամփոփվի վաղը: Մարտի 26-ին ուսանողները կներկայացնեն ազգությամբ ռուս Նոբելյան մրցանակակիրներին: