Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

Տիեզերագնացության օր

12.04.2011


Այսօր Տիեզերագնացության օրն է:
Այս առիթով ԵՊՀ ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ մեկ ամիս շարունակ տիեզերքին եւ տիեզերագնացությանը նվիրված տարբեր միջոցառումներով են հանդես եկել ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ուսանողները: Կազմակերպվել են նաեւ ֆիլմերի դիտումներ, իսկ Ռուսական կենտրոնի ակտիվիստներն այցելել են Հայաստանի տարբեր գյուղերի դպրոցներ:

Որպես վերջաբան` ԵՊՀ բնագիտական ֆակուլտետներում ռուսաց լեզվի ժամերին տեղի են ունեցել մրցույթներ, որոնց շրջանակներում ուսանողները պատասխանել են 30 հարցից բաղկացած հարցաշարերին: Կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն այսօր մրցանակներ հանձնեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին, ովքեր ներկայացրին տիեզերագնացության եւ տիեզերք բարձրացած համարձակների մասին մանրամասներ:

«Չնայած որ ընդգրկված էին Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները, սակայն Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, ովքեր մինչ այժմ պասիվ են եղել մեր մյուս միջոցառումներին, այս ամբողջ ընթացքում գերազանցեցին մեր սպասումները»,- նշեց Արուսյակ Ներսեսյանը: Ուղիղ 50 տարի առաջ` ապրիլի 12-ին, մարդ արարածն առաջին անգամ հասավ Տիեզերք: Դժվար թե գտնվի հետխորհրդային երկրներում ապրող մի մարդ, ով չիմանա Յուրի Գագարինին: Հենց նա էր այն հերոսը, ով համարձակվեց Տիեզերք ուղարկված կենդանիներից (շներ` Լայկա, Բելկա եւ Ստրելկա) հետո թռչել Տիեզերք:

Եվ հենց այս օրը` մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 09:07 րոպեին, «ВОСТОК» անվանումով տիեզերանավով Յուրի Գագարինը բարձրացավ Տիեզերք: Նրանից հետո Տիեզերք հասնելու իր համարձակությամբ առանձնացավ Վալենտինա Տերեշկովան, ով առաջին կինն էր, որ տեսել է Երկիր մոլորակն ամբողջությամբ: Իսկ Ալեքսեյ Լեոնովը դուրս եկավ բաց տիեզերք եւ այնտեղ մնաց ամբողջ 12 րոպե 9 վայրկյան: Տիեզերքը գրավելու մարդկային առաջին փորձերը, սակայն, սկսվել են դեռեւս 1957 թվականից, երբ հոկտեմբերի 4-ին առաջին անգամ տիեզերք բաց թողնվեց Երկրի առաջին արհեստական արբանյակը: