Ն.ԱՂԲԱԼՅԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
22.10.2010
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսական տոները եւ սովորույթները» թեմայով կլոր սեղան-քննարկում: Միջոցառման մասնակից Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին ռուսական խորհրդանիշների` մատրյոշկայի, սամովարի, վալենկայի, բուբլիկի, բալալայկայի, չաստուշկայի, ինչպես նաեւ սնահավատությունների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ: Օրինակ` մատրյոշկաներից ամենամեծում տեղավորվում են ավելի քան նման 100 մատրյոշկաներ, իսկ սովորաբար մատրյոշկայում տեղավորվում են 7 փոքրիկ մատրյոշկաներ:
ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը բացատրեց, որ «մատրյոշկա» բառն առաջացել է «мать» բառից, իսկ նրանց թիվը 7-ն է, քանի որ այն առաջացել է «семья» բառից: Ռուսական սնահավատությունների մասին աշակերտները նշեցին, որ շատ են ընդհանրությունները հայկական հավատալիքների հետ: Որեւէ թեմա ներկայացնելուց հետո նրանք անպայման այդ թեմային վերաբերող չաստուշկաներ էին ասում: Քննարկման ընթացքում միջոցառման կազմակերպիչները աշակերտներին պատմեցին նաեւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ծագման ու անվան պատմության մասին, մասնավորապես այն, որ Սանկտ Պետերբուրգը անվանվել է ոչ թե Պետրոս Առաջինի անվամբ, այլ սուրբ Պետրոս Առաքյալի: Կլոր-սեղանի մտահղացումը ԵՊՀ ռուս բանասիրության 4-րդ կուրսի ուսանողներինն էր, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցում:
Միջոցառման համակազմակերպիչ, ԵՊՀ ռուսական կենտրոնի անդամ Զառա Ավանյանն ասում է, որ այս հանդիպումն իր տեսակի մեջ բաց դաս է. «Մենք պրակտիկայի շրջանակում պետք է անպայման բաց դաս անցկացնենք, ուստի որոշեցինք այդ ամենը կազմակերպել Ռուսական կենտրոնում, քանի որ աշակերտներին հնարավորություն է տրվում նաեւ ծանոթանալու Մայր բուհին»,-ասաց Զառա Ավանյանը: 8-րդ դասարանի դասղեկ Ալիսա Մելիքյանն ասում է, որ երեխաները մեծ ոգեւորությամբ եւ պատասխանատվությամբ են պատրաստվել այս միջոցառմանը: Ըստ դասղեկի` կարեւոր է հատկապես այն հանգամանքը, որ այս ամենը կազմակերպվել է իրենց ցանկությամբ: ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերով` նման միջոցառումները միտված են նրան, որ դպրոցականները չխուսափեն ռուսաց լեզվով շփումից. «Չնայած ռուս գրականությանը ծանոթանում են դպրոցներում` ամեն դեպքում ռուսական մշակույթին մեր դպրոցականներն այդքան էլ լավ ծանոթ չեն, քանի որ մշակույթը միայն գրականությունը չէ: Նման միջոցառումներով փորձում ենք դպրոցահասակների մեջ ռուսերենի եւ ռուսական մշակույթի հանդեպ հետաքրքրություն սերմանել»,- նշեց Արուսյակ Ներսեսյանը եւ հավելեց, որ Ն. Աղբալյանի անվան դպրոցի հետ համատեղ միջոցառում առաջին անգամն է կազմակերպվում: