ՔՆՆԱՐԿՈՒՄ ”ՊԱՅՔԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ” ԹԵՄԱՅՈՎ
08.04.2010
Ռուսական կենտրոնում «կլոր սեղաններն» արդեն ավանդույթի ուժ ունեն, երբ տարբեր ֆակուլտետների ուսանողներ հավաքվում են, զեկույցներ ներկայացնում իրենց հետաքրքրող թեմաների շուրջ ու քննարկումներ ծավալում: Այս անգամ հերթը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնինն էր, իսկ թեման` «Պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:
«Մենք, իհարկե, չենք հավակնում որեւէ լուծումներ տալ բարձրացված հարցերին: Մեր նպատակն է, որ ուսանողները կարողանան հաղթահարել լեզվական պատնեշն ու իրենց հետաքրքրող թեմաների շուրջ զրուցեն նաեւ ռուսերեն»,- ասում է ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը: Ի դեպ, այսօրվա քննարկմանը ներկա էին ոչ միայն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները, այլ նաեւ ուսանողներ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից:
Զեկույցներից մեկը ահաբեկչության դեմ պայքարի գործում հենց զանգվածային լրատվամիջոցների դերին էր վերաբերում: Ըստ զեկուցողի` շատ հաճախ, անդրադառնալով ահաբեկիչներին ու ահաբեկչական խմբավորումներին, լրագրողներն իրենք են նպաստում վախի մթնոլորտի ստեղծմանը, ինչն էլ հենց ահաբեկիչների նպատակներից մեկն է: «Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երեւույթն ավելի շատ հետաքրքրում է լրագրողներին, քան ահաբեկիչներին»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Տաթեւիկ Սմբատյանը:
Ուսանողների հավաստմամբ` շատ հաճախ ահաբեկչությունը նույնացվում է մուսուլմանական երկրների հետ, բայց խոշոր ահաբեկչական խմբավորումներ առկա են նաեւ այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Իսպանիան: Երեւույթի վտանգավորության եւ հեռանկարների մասին խոսելուց զատ, ապագա քաղաքագետները ներկաներին ներկայացրին նաեւ մի քանի տեսական բնորոշումներ, որոնք կարելի է օգտագործել ահաբեկչության մասին խոսելիս:
Մասնավորապես, նրանք ահաբեկչությունը բաժանեցին երկու հիմնական խմբի` անհատական եւ խմբակային, իսկ իր բնույթով այն երեք տեսակ է լինում` սոցիալական, ազգային եւ կրոնական: Ի դեպ, ուսանողներն ընդգծեցին, որ ահաբեկչությունը, իբրեւ կլոր սեղանի թեմա, ընտրել են` ելնելով Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններից, որոնք հերթական անգամ ապացուցում են թեմայի արդիականությունը մեր կյանքում: