Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

ԵՊՀ-Ն «ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ» ԳՈԳՈԼԻՆ

25.11.2009

Այս տարի նշվում է ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլի ծննդյան 200-ամյակը:
Հայաստանում նրան նվիրված միջոցառումների շարքը եզրափակում է ԵՊՀ-ում կազմակերպված ցուցահանդեսը: ԵՊՀ ռուսական կենտրոնի եւ «Ռուսկի միր» հիմնադրամի համատեղ ջանքերով անցկացվող ցուցահանդեսում ներկայացված են Գոգոլի կյանքն ու ամբողջ ստեղծագործությունը նկարների եւ նրա գործերի որոշ հատվածների միջոցով: Ցուցահանդեսը տեւելու է մեկ ամիս: «Նիկոլայ Գոգոլի կերտած հերոսները ուղղակի գեղարվեստական կերպարներ չեն:

Չիչիկովը մարդ է, որը ապրում է մեր մեջ, մեզ հետ, անում է նույն անկարգությունները, ինչ ստեղծագործության մեջ: Ցանկանում եմ, որ այս ցուցահանդեսը դառնա ոչ թե շարքային միջոցառում, այլ մեր ուսանողներին ու դասախոսներին հնարավորություն տա մտնելու Գոգոլի ստեղծագործության խորքերը»,- ասում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաեւ համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, հյուրեր եւ ուղղակի Գոգոլի ստեղծագործության սիրահարներ: «Ռուսական մշակույթը ճանաչելու համար պետք է ծանոթանալ գեղարվեստական գրականությանը: Ով ուզում է ճանաչել գեղարվեստական գրականությունը, պետք է ապրի Գոգոլի հոգեկան դրաման: Այսօրվա ելույթներն ապացուցեցին, որ Հայաստանում գնահատում են նրա ստեղծագործությունը եւ դրա դերը գրականության մեջ»,- ասում է ցուցահանդեսի հեղինակ Տատյանա ֆիակտիստովան: Ցուցադրվելու են Գոգոլի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված 11 ֆիլմեր, որոնցից 2-ը` «Տարաս Բուլբան» եւ «Ռեւիզորը», ցուցադրվելու են 2 անգամ` հին եւ նոր տարբերակներով:

Առաջին ֆիլմը կցուցադրվի վաղը` Ռուսական կենտրոնում: Դիտումներին մասնակցելու են նաեւ երեւանյան տարբեր դպրոցների աշակերտներ: «Գոգոլը զարմանալի անձ է` անվերջ վիրավոր հոգով: Մինչեւ հիմա գրականագետները վիճում են նրա կյանքին վերաբերող մի շարք փաստերի ու իրադարձությունների շուրջ: Կինեմատոգրաֆիան ցույց տվեց, որ Գոգոլը մարդկային հոգիների մեծ գիտակ է»,- ասում է ռուս գրականության դասախոս Թերեզա Միջիֆերջյանը:

Իսկ Ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Իգոր Ավետյանը, Գոգոլին անվանելով ռուս գրականության մեծագույն դեմքերից մեկը, ասում է. «Գոգոլի ստեղծագործությունները տարբեր կերպ են ընկալվում ե՛ւ գրաքննադատների, ե՛ւ հասարակ ընթերցողների կողմից: Բայց անձամբ ինձ համար նա շատ մեծ բացահայտում էր, որովհետեւ նրա գործերը կարդալուց հետո զգացի նրա ազդեցությունը իմ աշխարհընկալման եւ մտածելակերպի վրա»: