Русский центр ЕГУ

ԵՊՀ ռուսական կենտրոն

И мы сохраним тебя, русская речь, Великое русское слово.

Анна Ахматова

YSU rss

«ysumail.am»-Ը ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերի 18-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատաժողով. քննարկվեցին Մայր բուհի ուսանողներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրելու, ինչպես նաև շրջանավարտների «HEN-GEAR» պորտալը ԵՊՀ-ում օգտագործելու հարցերը:
Աշխատանքային խորհրդակցությունը վարում էր ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Մասնակցում էին Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշալույս Հովհաննիսյանը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև ֆակուլտետների դեկանի տեղակալներ, շրջանավարտների նորաստեղծ էլեկտրոնային համակարգի և ուսանողների էլեկտրոնային փոստի հասցեների տրամադրման գործընթացում դեկանատների պատասխանատու աշխատակիցներ:

Քննարկման առանցքում պահելով ԵՊՀ-ուսանող և ԵՊՀ-շրջանավարտ կապերը` պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նախ անդրադարձավ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության կողմից ուսանողներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեների տրամադրման նախապատրաստական աշխատանքներին: Պրոռեկտորն ընդգծեց, որ անցած ուսումնական տարում համակարգն արդեն փորձարկվել է. Իրավագիտության ֆակուլտետի բոլոր ուսանողներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցեներ: Նա հավելեց նաև, որ փորձարկումը կատարվել է շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները հնարավորինս շտկելու և օգտագործողների դիտողությունները հաշվի առնելու նպատակով: Համակարգը պատրաստ է շահագործման, և արդեն հոկտեմբեր ամսից ԵՊՀ բոլոր ուսանողներին կտրամադրվեն համալսարանական էլ. փոստի հասցեներ:

«Ցանկացած զարգացած կրթական հաստատություն նախևառաջ իր ուսանողներին պետք է տրամադրի որոշակի էլեկտրոնային փոստի համակարգ, և ուսանող-համալսարան երկխոսության կապի էլեկտրոնային գործիքն այս պարագայում բավականին ակտիվ պետք է օգտագործել: Այս հարցում Մայր բուհն առավել հետևողական է, և շուրջ մեկ տարի է, ինչ քննարկվում են ծրագրի արդյունավետ օգտագործման տարբերակները: Մենք տարեկան 4-5 հազար շրջանավարտ ենք ունենում և չենք կարողանում նրանց հետ արդյունավետ աշխատանք իրականացնել, քանի որ չենք ունենում կապի համապատասխան միջոցներ: Փոստային այս համակարգով նախատեսվում է էլ. փոստի հասցեները ցանկության դեպքում դարձնել մշտական օգտագործման, այս կերպ համալսարան-շրջանավարտ կապն էլ ավելի ամուր ու արդյունավետ կլինի»,- նշեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը՝ հավելելով, որ այն ուսանողական կառույցների համար կծառայի նաև որպես լավ միջոց միջոցառումների կազմակերպման ու իրազեկման հարցում:

Օրակարգային առանցքային երկրորդ հարցը վերաբերում էր ԵՄ «Տեմպուս» «HEN-GEAR» ծրագրին: Այն շրջանավարտների առցանց գրանցման համակարգ է, որն արդեն մշակվել է իտալական բուհերի կոնսորցիումի և ԵՊՀ ու ՀՀ մի շարք բուհերի համագործակցության արդյունքում: Ծրագրի միջոցով կարող են լուծվել նրանց զբաղվածությանն ու կարիերային առնչվող մի շարք խնդիրներ:
«HEN-GEAR» պորտալում շրջանավարտների գրանցման աշխատանքները համակարգում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց, որ այս համակարգը դեռևս փորձարկման փուլում է, և առաջիկա ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել բոլոր ֆակուլտետների՝ 2014 թ. բակալավրիատի շրջանավարտ հանդիսացող և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների փորձնական գրանցումը (որպես 2014 թ. շրջանավարտ):

Ըստ ծրագրի` շրջանավարտն այցելում է համալսարանի ինտերնետային համապատասխան էջ ու լրացնելով համապատասխան տվյալներ` գրանցվում այդ համակարգում և պատասխանում հարցաթերթի հարցերին, որոնք վերաբերում են կրթության որակին, ուսմանը, շրջանավարտների հմտություններին, ցանկալի աշխատանքային ոլորտին և այլն: Այս համակարգը հնարավորություն է ընձեռում նաև գործատուին ինտերնետային համապատասխան CV-ի միջոցով ընտելու իր աշխատողին:

ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ փաստորեն այս համակարգում կգրանցվեն նաև գործատուները, որոնք հնարավորություն կստանան կատարելու որոշակի որոնումներ: