Ընթերցողական կոնֆերանս
18.10.2012
ԵՊՀ ռուսական կենտրոնն այսօր կազմակերպել էր հետաքրքիր ընթերցողական կոնֆերանս, որին ակտիվորեն մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Միջոցառմանը հրավիրված էին նաեւ Երեւանի ավագ դպրոցների աշակերտներ:
«Առաջին անգամ էր, որ Ռուսական կենտրոնը հանդես է եկել ընթերցողական նմանօրինակ գեղեցիկ միջոցառման կազմակերպմամբ: Նկատելով ուսանողների հետաքրքրվածությունը` վստահորեն կարող ենք ասել, որ ընթերցողական կոնֆերանսը միայն առաջին քայլն է դեռ: Այն անպայման շարունակական կլինի»,- ասաց ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը:
Միջոցառման նպատակն է ուսանողության շրջանում հետաքրքրություն առաջացնել ընթերցանության նկատմամբ, ինչպես նաեւ խթանել ռուս գրականության տարածումը: ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ զեկույցներ էին ներկայացնում ռուսերենով գրված իրենց սիրելի ստեղծագործությունների վերաբերյալ, իսկ ժյուրին պետք է ընտրեր այն մասնակցին, ով առավել տպավորիչ էր ներկայացրել զեկույցը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Լուսինե Ղազարյանը, ով միջոցառմանը մասնակցում էր իր դասախոսի խորհրդով, նշեց, որ ընտրել է իրեն հարազատ մի ստեղծագործություն` Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ N 6»-ը, թեեւ մեծ ցանկություն ուներ ներկայացնելու Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստը»:
Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի հավաստմամբ` միջոցառումը «Россотрудничество»-ի հետ համատեղ Հայաստանում կազմակերպվել էր արդեն 5-րդ անգամ անցկացվող «Ռուսական խոսքի օրեր»-ի շրջանակներում, եւ այն անպայման շարունակություն կունենա. «Գալիք ընթերցողական կոնֆերանսներին արդեն ավագ դպրոցների աշակերտներն էլ կարող են մասնակցել` ներկայացնելով իրենց սիրելի ստեղծագործությունները»: